ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամ Միքայել Մելքումյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ղազախական միջխորհրդարանական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, ինչում նշանակալի դերակատարում ունեն պատգամավորական բարեկամական խմբերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական եւ տնտեսական կապերին, հեռահաղորդակցության զարգացմանը, եւ հատկապես, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության մեծացման հնարավորություններին եւ ուղիներին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է հայ-ղազախական բիզնես-համաժողովների կազմակերպումը: Զրուցակիցների գնահատմամբ՝ երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման հարցում առանձնակի կարեւորություն ունի լոգիստիկ խնդիրների լուծումը:

Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությանը եւ կարեւորել փոխշահավետ աշխատանքը:

Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Դեսպան Թիմուր Ուրազաեւը փաստել է, որ իր երկիրն այս հարցում ունի հավասարակշիռ ու կառուցողական դիրքորոշում եւ սատարում է խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Created at : 13.02.2018, 18:00, Updated at : 13.02.2018, 18:20